Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում, հանգամանք, որ էլ ավելի է խաթարում մարդու հոգեկան վիճակը` նրան հասցնելով սթրեսային իրավիճակների և դեպրեսիայի, հատկապես, երբ խոսքը հոգեկան հավասարակշռությունն այս կամ այլ կերպ խաթարված մարդկանց մասին է:

 

Գաղտնիք չէ, որ անկախ տարիքից, սեռից ու սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, հոգեկան խանգարումները կարող են լինել ցանկացած մարդու մոտ: Ահա ինչու հույժ կարևոր է ճիշտ իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ:

 

Հոգեկան առողջության միջզգային օրվա կապակցությամբ, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի նիստերի դահլիճում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և ԱԱԻ-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, համատեղ ծրագրեր, որոնք վերաբերում են հոգեկան առողջության ոլորտում կլինիկական չափորոշիչների և ուղեցույցների մշակման, մասնագետների և հասարակության լայն շերտերի համար տեղեկատվական և կրթական ձեռնարկների, ուղեցույցների և այլ նյութերի պատրաստման-հրատարակման, գիտաժողովների կազմակերպման, գիտական հետազոտությունների և ծրագրերի իրականացման, ոլորտը կանոնակարգող իրավական փաստաթղթերի նախապատրաստման, բնակչության հոգեկան առողջության պահպանման և բարելավմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման ուղղությամբ:

 

Ստորագրելով համագործակցության հուշագիրը, ԱԱԻ-ի տնօրենի պաշտոնակատար Պարունակ Զելվեյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, անդրադարձան այն խնդրին, որ դեռևս 1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը միջազգային օր հայտարարելով, հիմնական նպատակը ուշադրությունը հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա սևեռելու հրատապությունն է, որպեսզի խնդրո առարկան ոչ միայն մտահոգի հոգեկան խանգարումներ ունեցողներին ու նրանց հարազատներին, բուժանձնակազմին, այլև հասարակության լայն շերտերին:

 

Վկայակոչելով ԱՀԿ-ի տվյալները, պարոն Սողոյանը նշեց, որ 2020 թվականին դեպրեսիան լինելու է երկրորդ հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում, իսկ 2030-ին կլինի ամենատարածված խանգարումը: Նա փաստեց, որ ամբողջ աշխարհում 350 մլն մարդ ունի դեպրեսիա, իսկ 450 մլն մարդ տառապում է զանազան հոգեկան խանգարումներով:

 

Հոգեկան առողջության միջազգային օրվա այս տարվա կարգախոսը`«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ», լավագույնս է արտահայտում հիմնախնդրի էությունը:

 

Պարոն Սողոյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերի 10-ից նորյեմբերի 10-ը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում կլոր սեղան քննարկումներից, մամլո ասուլիսներից ու հոդվածների հրապարակումներից բացի, պատրաստվել են և շահագրգիռ կազմակերպություններին կտրամադրվեն  դեպրեսիայի վերաբերյալ ԱՀԿ-ի ուղեցույցները, կկազմակերպվեն այցելություններ մարզեր, հեկտեմբերի 17-21-ը Պրահայում կայանալիք Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի միջազգային գիտաժողովին կներկայացվեն Հայաստանում հոգեկան առողջության հայեցակարգի վերլուծական մասը և հիմնախնդիրները, կձևավորվի հոգեկան խանգարում ունեցողների ինքնօգնության խումբ և այլ ձեռնարկումներ, որոնք կնպաստեն բնակչության հոգեկան առողջության պահպանմանն ու բարելավմանը:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. port2all.dp.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ